Սերժ Սարգսյանի խոստովանությունը

INSPIRATION

Քննչական կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանն ու Իրինա Յոլյանը: Ըստ ՔԿ հաղորդագրության, ձերբակալվել են նաեւ  Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրանք կասկածվում են առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Փոխքաղաքապետ

Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը առերևույթ խոչընդոտելու համար: Հայտնի է նաեւ, որ ձերբակալված եւ կալանավորված է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:     Նաեւ հայտնի է, որ տարբեր այլ գործերով ձերբակալված են Սիսիանի, Մեղրու քաղաքապետերը: Նրանք եւս վերջին ամիսներին ակտիվորեն մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր գործողություններին: «Հայաստան»

խորհրդարանական խմբակցությունը նրանց համարում է քաղբանտակյալ եւ անգամ այդպիսի ակցիայով սկսեց խորհրդարանի առաջին նիստը: Ռոբերտ Քոչարյանի թիմը հայտարարում է, որ Սյունիքի համայնքապետերը հետապնդվում են քաղաքական հայացքի համար: Արդյո՞ք նրանց հանդեպ կատարվում է ոչ իրավաչափ գործողություն, դա թերեւս պետք է լինի մասնագիտական գնահատականի առարկա եւ այդ հարցը պետք է գնահատեն իրավապաշտպանները: Սակայն ստեղծված իրավիճակի առիթով ընդգծվում է մեկ այլ հարց՝ Հայաստանի ՏԻՄ համակարգում տարիներ շարունակ եղած մեղմ ասած

կոռուպցիոն ռիսկեր պարունակող իրողությունների հարցը, որոնց առկայությունը չափազանց խոսուն ելույթով դեռեւս 2017 թվականի  արձանագրել է նաեւ այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, որի դե ֆակտո առաջնորդած «Պատիվ ունեմ» դաշինքն էլ խորհրդարանի մյուս ընդդիմադիր խմբակցությունն է:  «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս

ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ:     Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել’ եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է: Մենք կարո՞ղ ենք պայմանավորվել, որ եթե այդպիսի երևույթներ լինեն, որևէ մեկը հանիրավի ուրիշին չի մեղադրելու: Եթե նույնիսկ դուք չասեք այո, ապա ես ասում եմ հետևյալը’ եթե այս նոր խոշորացված համայնքներում, իհարկե, մնացածներում ևս, այդպիսի դեպքեր հայտնաբերվեն, թող որևէ մեկը ներողամտություն չհայցի, չսպասի, որ իրեն

ներելու են», 2017-ի դեկտեմբերին հայտարարում էր, եւ փաստորեն ՏԻՄ մակարդակներում տիրող իրավիճակը խոստովանել էր Սերժ Սարգսյանը, շարունակելով. «Ես միայն ուրախ կլինեմ, որ համայնքապետերի աշխատավարձը լինի բավականաչափ բարձր, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում և ոչ թե ասենք’ ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց

նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»:

Noter l'article